Զրուցակիցս` «Սփյուռ» տեղեկատուի հիմնադիր և գլխավոր տնօրեն ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, քաջ ծանոթ է հանրությանը, նրա ղեկավարած կազմակերպությունը գործընկեր է և բարեկամ շատերի համար, անկախ տարիքից, սեռից, դավանանքից և հասարակական դիրքից։
«ԳԼԽԱՎՈՐԸ ՇՈՒԿԱՆ ԲԱՐԵԿԻՐԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԲԱՎԱՐԱՐԵԼՆ Է»
-Սարերի հետևում չէ այն օրը, երբ «Սփյուռը» կնշի իր հիմնադրման քառորդ դարը։ 1992-ին այս օրը կանխատեսո՞ւմ էիք։ Նաև, այլ կերպ ձևակերպեմ հարցս. ինչի՞ց սկսեցիք և ինչի՞ հասաք։
-Սկսեցինք որպես հեռախոսային տեղեկատու և ցանկանում էինք լինել Հայաստանի ամենահզոր տեղեկատուն։ Մեզ դա հաջողվեց. օր օրի ավելանում են հեռախոսազանգերը, բարձրանում է մեր ծառայության որակը, նոր, հասարակության համար ավելի պահանջված ծառայություններ ենք ընդգրկել։ Ժամանակի ընթացքում տեղեկատուն ներկայացավ արդեն գրքի տեսքով («Հայաստանի կազմակերպություններ և ձեռնարկություններ», «Հայաստանի գործարար տեղեկատու», «Հայաստանի դեղին էջեր»)։ Այսօր գործում են նաև տեղեկատուի էլեկտրոնային տարբերակները, որոնց օրեցօր աճող օգտվողների պահանջարկը ևս փորձում ենք բավարարել։ Հատկապես շատ են օգտվում spyur.am կայքից: Ավելի ու ավելի մեծ տեղ է սկսում գրավել մոբայլ տարբերակը, երբ ուղղակի բջջային հեռախոսի միջոցով են մուտք գործում «Սփյուռի» տեղեկատվական բազան։ Այս պահին ակտիվորեն զարգանում են մեր 6 տեղեկատուներից 3-ը՝ բջջային տարբերակը, տեղեկատվական կայքը և հեռախոսային ծառայությունը։
-Այսինքն, անգամ այս բարդ օրերում Դուք գոհ եք ու երջանիկ։
-Ոչ այնքան, քանի որ անընդհատ զարգանալու, նպատակներ ուրվագծելու և դրանց հասնելու խնդիր ենք դնում մեր առաջ։ Գլխավորը մեզ համար շուկան բարեկիրթ վերաբերմունքով և որակյալ ծառայությամբ բավարարելն է։
-Դե մենք վաղուց ենք «վարժվել», որ «Սփյուռը» մշտապես կատարելագործվում է։ Իսկ ինչպիսի՞ն է «Սփյուռը» իր ներքին խնդիրներում։
-Փորձել եմ մեր շուրջ 70 աշխատակիցների համար ստեղծել բարյացակամ միջավայր, որպեսզի յուրաքանչյուրն աշխատանքի ներկայանա, եթե չասեմ հաճույքով, ապա վստահաբար, դեպի լավը տրամադրված։
«ԻՆՉ-ՈՐ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴԱՐՁԱՎ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ»
-Մեր խորագրի նպատակը հանրաճանաչ մարդուն նաև այլ, ոչ պաշտոնական տեսանկյունից ներկայացնելն է։ Ազատ ժամանակը ինչպե՞ս եք տնօրինում։
-Փորձում եմ լավագույնս տնօրինել, քանզի այն միշտ էլ չի բավարարում։ Այնուամենայնիվ, ընթերցելու և թատրոն հաճախելու ժամանակ ինքս ինձնից կորզում եմ։ Հանգստի բավականին լավ ձև է տարվա մեջ երկու անգամ ողջ կոլեկտիվով կարճաժամկետ ուղևորության մեկնելը։ Սա միշտ էլ դրական ազդեցություն է թողնում, այդ օրերին էլ եմ փորձում կոլեկտիվի հետ լիարժեք հանգստանալ։
-Անկեղծ լինենք, Ձեր մտքով երբևէ անցե՞լ է հայտավորվել քաղաքական դաշտում։
-Ինչու չէ, պարբերաբար է դա անցնում։ Սակայն դա էլ է ժամանակ պահանջում։ Վերջին ընտրություններում փորձեցի ընդդիմության կողմից հանդես գալով վերահսկել մեր ընտրատարածքը, որպես քաղաքացի։ Բավականին հետաքրքիր էր, արեցինք ամեն բան, որ կեղծիքներ չլինեն, հավատացեք, որ չեղան, բայց ինչ-որ պահից սկսած գործի դրվեցին այլ տեխնոլոգիաներ։
-Այսինքն, սափրագլուխներն ու թաղային հեղինակությունները վրա տվեցին։
-Չէ, ինչու, շատ ավելի բարեկիրթ եղանակ գտան, օրվա վերջում տեղամասում սկսվեց տարեցների երթը, մեր հարգելի պապիկներն ու տատիկները հավանաբար որոշակի անձնական շահերից ելնելով տեղամասում ձայների ցանկալի հարաբերակցությունն ապահովեցին։
-Հեռանանք քաղաքականությունից, խոսենք ավելի դրական բաների մասին։ Հանգստի Ձեր նախընտրած ձևը։
-Ճամփորդելն է։ Շրջագայել եմ նավով Իսպանիայից Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա երթուղով, եղել եմ նաև Չեխիայում, Դուբայում, հանգստացել եմ նաև Վրաստանում։ Անցած ամռանը հանգստանում էի Հայաստանում, մեկ շաբաթ եղա Աղվերանում, մեկ շաբաթ էլ` Ջերմուկում։
«ԳՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԵՌՎԻՑ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ԿԱ»
-Ինչպիսի՞ վիճակում է հայկական շուկան ըստ «Սփյուռի»։
-Անշուշտ, գրեթե ամենուր ընկել է վճարունակության մակարդակը, ցավալի է, որ մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներում են վաճառատներն ու սպասարկման սրահները փակվում։ Սա նաև «Սփյուռի» վրա է ազդում, առանձին կազմակերպություններ հրաժարվում են պայմանագրերը երկարաձգելուց, վաղվա օրվա հետ այլևս հույսեր չկապելով։
-Հասարակության «հանցանքը» ո՞րն է մեր այս բազում թերացումներում։
-Զարմանալի է, շատերն են բողոքում արտագաղթից և միաժամանակ նախապատրաստում են իրենց զավակների հիմնական բնակությունը արտասահմանում։ Այսպես թողնել-գնալով երկիր չի կառուցվում։ Գնում են և հեռվից ուրախանում, որ Հայաստանը դեռ կա, պահպանվում է։
-Բակում, փողոցում, քաղաքում ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում։
-Հիմնականում մասնագիտական։ Երբեմն «Հայաստանի դեղին էջերն» են խնդրում նվիրել։
-Նվիրո՞ւմ եք։
-Իհարկե, նվիրում եմ, չէ՞ որ հենց այնպես մեր տեղեկագիրքը որևէ մեկը չի ուզում ունենալ, կամ այն գնում է, կամ նվեր ստանում։
Ավելացնեմ, որ ինձ դիմում են ամենատարբեր հարցերով, քանի որ շատերի մոտ բավականին բանիմաց մարդու տպավորություն եմ թողնում։
-Գուցե իսկապես այդպիսին էլ կա՞ք։
-Հավանաբար և չեմ էլ խուսափում փորձս կիսելուց, անգամ տեղին խորհուրդ տալուց, և այս ամենը իր հիմքերն ունի։ Ասում են, երբ ինչ-որ բան եմ ձեռք բերում, կոլեկտիվը հետևում է իմ օրինակին, գիտեն, որ ես որակյալ և նպատակային գնումներ եմ կատարում կամ էլ օգտվում եմ անթերի ծառայությունից։
«ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
-Վերադառնանք մշակույթ, խոստովանեք` ե՞րբ եք վերջին գիրքը կարդացել։
-Խոստովանում եմ, դա երեկ էր։ Կարդում էի մորս` Թամարա Ղամարյանի բանաստեղծությունների ժողովածուն, երեկ նրա ծննդյան օրն էր, բարեկամներով հյուր գնացինք, և յուրաքանչյուրը կարդաց ժողովածուից իր նախընտրած բանաստեղծությունը։ Ժողովածուն կոչվում է «Ճառագայթ»։ Տիկին Թամարան շատ էր ոգևորվել։
Ավելացնեմ, որ ինձ հետաքրքրող հոդվածներ, նյութեր գտնելու համար պարբերաբար օգտվում եմ համացանցի ծառայությունից, ինչ-որ բան եմ որսում և ընթերցում։
-Ձեզնից նման բան չէի սպասում։
-Չէ, ինչո՞ւ, առողջությունս վերականգնել եմ հենց համացանցից հայթայթած որոշակի վարժությունների շնորհիվ։ Դեղորայքից չեմ օգտվում, վերացնում եմ հիվանդությունս վարժություններով։
-Մոտենում է Կրակե կապիկի տարին։ Ի՞նչ վարժություններ պետք է կատարել այդ տարի առողջ և հաջողակ լինելու համար։
-Կապիկն ինքնին խնդրահարույց կենդանի է։ Պետք է զգոն լինել, թույլ չտալ, որ «կապիկային» խնդիրներ շրջապատեն քեզ։ Կապիկների մասին մի հետաքրքիր պատմություն կա, եթե կուզեք, կարող եմ պատմել։
-«Եթե ուզում ենք», պատմեք, խնդրում եմ։
-Երբ աշխատողը մտնում է ղեկավարի մոտ և ինչ-ինչ պրոբլեմներ է նրան ներկայացնում ու հեռանում, նշանակում է, որ կապիկ է թողնում շեֆի աշխատասենյակում, չէ՞ որ կապիկը պրոբլեմի խորհրդանիշ է։ Հետո գալիս է երկրորդը, թողնում է իր կապիկին, այցելում են մյուսները և թողնում են մեկական կապիկ։ Պատկերացնենք կազմակերպության ղեկավարի վիճակը օրվա վերջում, երբ աշխատողները հանգիստ տուն են գնացել, իսկ նրա շուրջը լիքը կապիկներ են, և նա չի կարողանում տուն գնալ մինչև չլուծի բոլոր պրոբլեմները։ Սա կոչվում է սխալ կառավարում: Իսկ ճիշտը սա է, յուրաքանչյուր «կապիկաբերին» ղեկավարը պետք է առաջարկի, որ նախ ինքը փորձի լուծումներ գտնել, որից հետո միայն իր առաջարկությամբ այցելի ղեկավարին։ Այսինքն, կապիկին վերադարձնում ես աշխատողին և անհոգ շարունակում աշխատանքը։
-Ես էլ այդպես կվարվեմ։ Առավել ևս, որ չեմ սիրում կապիկներին։
Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ